
Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի և «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում գործակցության հետ կապված մի շարք հարցեր և փոխգործակցության զարգացման ուղիները:
2017 թվականին ՌԴ-ն 100 մլն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին արդիական սպառազինություն և ռազմատեխնիկա գնելու նպատակով:
Ըստ համաձայնագրի, 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:
Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում: