Փաշինյանը կոչ է արել Ստեփանակերտի ցուցարարներին դադարեցնել ակցիաները

Փաշինյանը կոչ է արել Ստեփանակերտի ցուցարարներին դադարեցնել ակցիաները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Ստեփանակերտում ուժայինների ու քաղաքացիականների մասնակցությամբ ծեծկռտուքի հետքերով բողոքի ակցիաներ կազմակերպող ցուցարարներին դադարեցնել ակցիաներն ու թույլ տալ Արցախի իշխանությանն ի կատար ածել եղած պայմանավորվածությունները

Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում Փաշինյանը նշել է, որ որևէ կասկած չկա, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգություններ առաջացնող է։ «Այս իրավիճակը պետք է շատ կոնկրետ լուծումներ ստանա և շատ կոնկրետ եզրակացությունների բերի», - շեշտել է ՀՀ վարչապետը։

Նա նշել է, որ մշտական կապի մեջ է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Սահակյանը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ, լսել նրանց պահանջներն ու և այդ պահանջների վերաբերյալ կան կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք Արցախի նախագահը պատրաստվում է ի կատար ածել», - շեշտել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ կողմերի միջև կազմակերպչական հետևություններ անելու վերաբերյալ փոխըմբռնում կա։

«Եկել է մի պահ, երբ մեր սիրելի հայրենակիցները պետք է Արցախի նախագահին հնարավորություն տան, որպեսզի այդ պայմանավորվածություններն իրականացվեն։ Կարծում եմ, ակնհայտ է, որ նրանք պիտի իրագործվեն հանդարտ պայմաններում, իսկ այս շարունակական իրավիճակը, որի նպատակը հենց կադրային ու կազմակերպչական հետևություններ անելն է, ըդտ էության, ստացվում է, որ խոչընդոտում է այդ հետագա պրոցեսների զարգացմանը․․․ Եթե հետագա օրերի ընթացքում պայմանավորվածություններն ի կատար չեն ածվի, այդ դեպքում միայն իմաստ կունենա շարունակել որևէ բողոքի գործողություն», - ասել է ՀՀ վարչապետը։

«Օրը մի քանի անգամ տեղեկանում եմ իրավիճակի վերաբերյալ, և տեղեկացվածությունն ինձ թույլ է տալիս կոչ անել ցուցարարներին դադարեցնել ցույցը և հնարավորություն տալ իշխանություններին ի կատար ածել պայմանավորվածությունները», - ասել է նա, նշելով, որ Բակո Սահակյանն անձամբ շեշտել է իր հաստատակամությունն այդ պայմանավորվածություններն ի կատար ածելու գործում։ Եթե միայն իրավիճակը ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում չհանգուցալուծվի, տրամաբանական կլինի, որ «գնդակը հետ բերվի» ցուցարարների դաշտ, եզրափակել է Փաշինյանը։

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ մի խումբ զինծառայողներ «կենցաղային հողի վրա» ծեծի են ենթարկել երկու քաղաքացու: Ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հունիսի 2-ից բողոքի ցույցեր են սկսվել Ստեփանակերտում:Ցուցարարները պահանջել են ոստիկանության, դատախազության և ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների, ընդհուպ մինչև նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---