5 հունիսի 2018 - 12:44 AMT
ՀՀ-ն վերջինն է Հվ. Կովկասում գիտական հոդվածների թվով

2017 թվականին Հայաստանը վերջին հորիզոնականում է Հարավային Կովկասի երկրների շարքում Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված գիտական պարբերականներում գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի կողմից հրապարակված հոդվածների քանակով:

SJR-SCImago ամսագրի վարկանիշի համաձայն, նախորդ տարի Հայաստանը հրատարակել է 1072 հոդված, մինչդեռ Ադրբեջանի պարագայում այդ թիվը կազմել է 1095 է, Վրաստանի՝ 1641:

Հրատարակված գիտական հոդվածների քանակով Հայաստանի դիրքը բարենպսատ չէ նաև Արևելյան Եվրոպայում. 23 երկրների շարքում այն 19-րդ հորիզոնականում է:

Հոդվածների H-Index ցուցիչով Հայաստանն առաջատար է Հվ. Կովկասում, իսկ Արևելյան Եվրոպայում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը՝ 160 ցուցիչով:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն ասաց, որ վարկանիշը չի արտացոլում հոդվածների որակը, այլ հղումների քանակն է ցույց տալիս:

«Օրինակ եթե ցուցիչը 100 է, նշանակում է, որ կա 100 հոդված, որն ունի առնվազն 100 հղում։ Եվ դրանց մեջ մտնում են նաև ինքնահղումները»,- ասաց Հովակիմ Զաքարյանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դեռևս 2014 թվականին «կարող էինք հպարտանալ, որ քիչ ֆինանսավորման ու գիտնականների թվի պայմաններում Անդրկովկասում ՀՀ-ն առաջինն էր գիտական հոդվածների թվով»:

«2017 թվականին դարձանք երրորդը, իսկ ամբողջ Արևելյան Եվրոպայում 19-րդը 23 երկրից: Սա մեր գիտության վիճակի տխուր պատկերն է և հետևանքը նրա, որ տարիներ շարունակ ոչ միայն գիտության ֆինանսավորումը նորմայից մոտ չորս անգամ քիչ է, այլև եղած ռեսուրսների կառավարման արդյունավետությունը ցածր մակարդակի վրա է: Չկա զարգացում: Մի ամբողջ ոլորտ, որը մեր օրերում երկների տնտեսական մրցակցության հիմքերի հիմքն է հանդիսանում, Հայաստանում լուսանցքից դուրս է մնացել և ոչ մեկին պետք չէ», - գրել է նա: