5 հունիսի 2018 - 13:18 AMT
Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարական է տվել

Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքները:

Նա նշել է, որ մոտ երեսուն տարի ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, որից յոթ տարի ՀՀ դատախազությունում՝ որպես բաժնի պետ, երեք տարի ՀՀ Ազգային ժողովում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ և քսան տարի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում:

Հայտարարության մեջ ասվում է, որ 2018-ին ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյա տարելիցն է և ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքները, ուժը, եռանդը՝ նախադեպային իրավունքի և արդարադատության համակարգի հետագա զարգացման դժվարին ու պատասխանատու գործում:

«Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը և, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, այն լուծել հերթական նիստում՝ իմ բացակայությամբ»,-ասված հայտարարության մեջ, հայտնում է Վճռաբեկ դատարանի նախագահի աշխատակազմը։

Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատել է դատարանի կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1998-ի հուլիսի 8-ից. տասը տարի պաշտոնավարել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, տասը տարի՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: ՀՀ-ում իրականացված օրենսդրական (մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, մի շարք այլ օրենքների նախագծերի մշակում) և դատաիրավական (մասնավորապես՝ դատավորների մասնագիտացում՝ ըստ քաղաքացիական, քրեական և վարչական ոլորտների, դատական ատյանների ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի ներդրում և այլն) բարեփոխումների համար արժանացել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչմանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում նախադեպային իրավունքի ներդրման և իրականացման վերաբերյալ գիտական հետազոտության համար նրան շնորհվել է իրավագիտության դոկտորի գիտական աստիճան: