5 հունիսի 2018 - 13:44 AMT
Խաչատրյանական բալետի փառատոն՝ Օպերայում

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակի կապակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հրավիրում է Խաչատրյանական բալետի փառատոնի: Փառատոնի նախաձեռնողը և գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Հունիսի 8-ին, 11-ին և 13-ին կներկայացվեն խաչատրյանական «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները։

«Բալետը ես մեծ արվեստ եմ համարում: Նրանում կարելի է արտահայտել մարդու կյանքի ողջ բազմազանությունը, նրա հոգեկանապրումների հարստությունը»,-ասել է ժամանակին Արամ Խաչատրյանը:

Բացման հանդիսավոր արարողությունը կնշանավորվի խաչատրյանական երեք բալետներին նվիրված ցուցահանդեսով, որը տեղի կունենա թատրոնի ճեմասրահում: Նախատեսված է նաև Ա. Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրություն:

Փառատոնի երեք օրերի համար էլ նախատեսված են հոբելյանական միջոցառումներ, հայտնում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժինը:

Արամ Խաչատրյանի «Գայանեի» պարտիտուրի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1939 թվականին գրված «Երջանկություն» բալետից:Մոտ 700 էջ ունեցող պարտիտուրը կոմպոզիտորտը գրել է կես տարվա ընթացքում: «Սպարտակը» 8 ամսվա ընթացքում է գրվել: Այն ավարտին է հասցվել 1954 թվականի փետրվարի 22-ին: Երաժշտությունը գրվել է Հին Ռուզայում՝ կոմպոզիտորների տանը:

1941 թվականին Ա. Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրեց երաժշտություն Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954 թվականին Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982 թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը՝ այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունեցավ: