ԱԳ նախարար. «Արևելյան գործընկերությունը» ՀՀ համար գործակցության և երկխոսության հարթակ է

ԱԳ նախարար. «Արևելյան գործընկերությունը» ՀՀ համար գործակցության և երկխոսության հարթակ է

PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերությունը» Հայաստանի համար գործակցության և երկխոսության հարթակ է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ դա նաև ՀՀ համար զարգացման գործընթացի համախմբման մեխանիզմ է և գործիքակազմ:

Պատասխանելով այն հարցին, թե «Արևելյան գործընկերության» մյուս անդամները՝ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, հստակ նպատակ են դրել ինտեգրվել ԵՄ-ին, ոմանք նաև ՆԱՏՕ-ի մասին են խոսում, իսկ որն է ՀՀ վերջնակետն այդ գործընկերության կազմում՝ Մնացականյանն ասել է. «Ի՞նչ նկատի ունեք վերջնակետ ասելով: Ի՞նչ ժամկետի մասին է խոսքը: 500 թե՞ 50 տարի, գուցե 5 տարի հետո: Մենք հիմա ԵՏՄ անդամ ենք և գործընկերություն ունենք ԵՄ հետ, օրակարգ ԱՄՆ, Վրաստանի, Իրանի հետ: Անվանեք դա վերջնակետ կամ էլի ինչ-որ կետ, բայց մենք ունենք գործակցության ձևավորված ձևաչափեր ու հարթակներ, որոնք բխում են նրանից, թե ինչպես ենք տեսնում մեր զարգացումն ու անվտանգությունը: Մենք տեսնում ենք, որ այն ամենն, ինչ արվել է մինչ օրս, ծառայում է այդ նպատակներին՝ զարգացմանն ու անվտանգությանը»:

ԱԳ նախարարը հավելել է նաև, որ ՀՀ-ԵՄ պայմանագրում տարբեր բաժիններ կան՝ արդարադատություն, ոլորտային գործակցություն, փոխգործակցություն տարբեր քաղաքական հարթակներում: «Պայմանագրից պարզ երևում է, թե ինչպես է այդ ամենը համադրվում ԵՏՄ-ում մեր անդամակցության հետ և ինչպես է նպաստելու Հայաստանի հզորացմանը: Մենք վստահ ենք, որ ուժեղ և կայուն Հայաստանը լավ գործընկեր է»,-ասել է նա:

Անդրադառնալով ՀՀ նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ԱՄՆ հետ հարաբերությունները զարգացնելու մասին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանն օգտագործում է փոխգործակցության տարբեր մեխանիզմներ՝ ամրացնելու համար ՀՀ անվտանգության կառուցվածքն ու զարգացման լծակները:

Նա հավելել է նաև, որ մինչ օրս Հայաստանը որևէ քայլ չի արել մեկ այլ երկրի հետ հարաբերությունների հաշվին: «Մենք երկխոսություն ունենք ԱՄՆ հետ, ԵՄ հետ հարաբերություններում, սակայն, մենք գործընկերներ ենք ՌԴ հետ, աշխատում ենք մեր անվտանգության համակարգի ու զարգացման ուղղությամբ, խորը գործընկերություն ունենք ՌԴ հետ: Եվ որքան ամուր կանգնած լինենք ոտքերի վրա, այնքան հուսալի գործընկեր կլինենք բոլորի համար: Եվ առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին: ԱՄՆ հետ մեր հարաբերությունները կարող են նյարդայնացնել Մոսկվային միայն այն դեպքում, եթե մենք հարաբերությունները մի գործընկերոջ հետ մյուսի հաշվին կառուցենք, իսկ դա մենք երբեք չենք արել»,-ասել է նա:

Հունիսի 7-ին Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և դրա շուրջ զարգացումներին: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկում են ունեցել հայ-ռուսաստանյան հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման, կրթամշակութային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ռազմատեխնիկական համագործակցության հարցերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության և գործունեության համադրմանն առնչվող հարցերի շուրջ՝ այս համատեքստում արձանագրելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կարևոր դերակատարումը: Առանձնահատուկ ընդգծվել է ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում սերտ համագործակցության կարևորությունը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---