10 հունիսի 2018 - 13:18 AMT
«Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» մրցույթի առաջին փուլն ավարտվել է

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից ֆրանսերենին տիրապետողների համար նախաձեռնած Et en plus, je parle français en Arménie!` «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» խորագրով տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթի առաջին փուլը կայացել է:

Մասնակիցները պատրաստել են 40 վայրկյանից 1,5 րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ ֆրանսերենով ներկայացրել են իրենց կապը լեզվի հետ, դրա կարևորությունն իրենց կյանքում և մասնագիտական գործունեության մեջ:

Կիսաեզրափակիչ է անցել 12 հոգի:

Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները հունիսի 11-ին կհանդիպեն հինգ անդամից բաղկացած ժյուրիին՝ բանավոր խոսքի մրցույթի շրջանակում: Ժյուրիի անդամներն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի գլխավոր քարտուղար Բարբարա Գանդրիոն, Հայկական Ալիանս ֆրանսեզի տնօրեն Սյուզան Ղարամյանը, Courrier d'Erevan պարբերականի տնօրեն, Ֆրանկոֆոն մամուլի միության (UPF) միջազգային գրասենյակի անդամ, UPF-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Զարա Նազարյանը, Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միության հիմնադիր-նախագահ Մարտուն Փանոսյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և լեզվական հարցերով կցորդ Նատալիա Ցագրիսը:

Այդ օրը եզրափակիչ կանցնի 6 թեկնածու, որոնք Հայաստանում ֆրանսերենի դեսպան դառնալու հնարավորություն կստանան: Յուրաքանչյուրի համար կկազմակերպվի պրոֆեսիոնալ լուսանկարում:

Մրցույթի վերջին փուլում 6 մասնակցի լուսանկարները կդրվեն հանրային քվեարկության: Արդյունքների և ժյուրիի գնահատականի ամփոփումից հետո կընտրվի մրցույթի հաղթողը, ով էլ կստանա գլխավոր մրցանակն ու 2018-ի ամռանը կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

Մարտի 28-ին մեկնարկած Et en plus, je parle français en Arménie !` «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» մրցույթին կարող էին մասնակցել Հայաստանում բնակվող 16-35 տարեկան բոլոր այն անձինք, ում կյանքում ֆրանսերենն ու առհասարակ ֆրանսիական մշակույթը մեծ դեր ունեն: Հայաստանում Ֆրանսայի դեսպանատան այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել հանրության՝ մասնավորապես երիտասարդության շրջանում ֆրանսերենի կիրառումը: