16 ապրիլի 2008 - 19:43 AMT
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի, որ ԼՂՀ գոյու֊թյան փաստն անդառնալի է
«Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի այն պարզ իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետության գոյու֊թյան փաստն անդառնալի է: Անհնար է նույնիսկ պատկերացնել, որ ԼՂՀ-ն ենթակայության որեւէ ձեւով կարող է առնչվել Ադրբեջանին»,- հայտարարել է այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացնելիս, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: «Բաքվում թյուրիմացաբար կարծում են, թե նավթադոլար֊ներով կարող են անգերազանցելի տնտեսական առավելության հասնել մեր նկատմամբ եւ մի օր ռազմական հաջողություն արձանագրել: Սակայն փողի ուժով չէ միայն, որ երկիր են պահում ու հաղթանակների հասնում: Ադրբեջանի ղեկավարները պետք է վերջապես հասկանան, որ բնական պաշարների վաճառքից ստացվող մեծ եկամուտները դեռ չեն ենթադրում երկրի ինքնըստինքյան բարգավաճում եւ տնտեսական զարգացում, ինչպես ամպագոռգոռ ռազմատենչ հայտարարությունների առատությունը չի ենթադրում մարտունակ բանակի գոյությունը»,- ընդգծել է Հայաստանի նախագահը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը նվաճել է ազատ եւ անկախ ապրելու իր իրավունքը եւ Հայաստանի ջանքերով այդ իրավունքը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից: