12 սեպտեմբերի 2002 - 23:13 AMT
ԱԽԱԼՔԱԼԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲՈՂՈՔԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ԸՆԴԴԵՄ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ
Սեպտեմբերի 12-ին Ախալքալակում տեղի է ունեցել հանրահավաք` ընդդեմ Սամցհե-Ջավախքի տարածքից ռուսական 62-րդ ռազմակայանի դուրսբերման: Ցույցի նախաձեռնողներից մեկի, «Վիրք» կուսակցության համանախագահ` Դավիթ Ռստակյանի խոսքերով, հանրահավաքին մասնակցել է մոտ հինգ հազար մարդ, որոնք Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի նախագահներին ուղղված համապատասխան դիմում են ընդունել: Ռազմակայանի դուրսբերումը տարածաշրջանում սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ կստեղծի, գտնում է Դավիթ Ռստակյանը: Բացի դրանից, նրա խոսքերով, գոյություն ունի վտանգ, որ ռուս զինվորականների տեղը կզբաղեցնեն թուրք զինվորականները, ինչը հարուցում է տարածաշրջանի բնակչության մտահոգությունը, որոնք հիմնականում հայազգի են: Նշենք, որ Վրաստանն առաջարկում է Ախալքալակի ռազմակայանը փակել երեք տարվա ընթացքում, Ռուսաստանը` տասնմեկ: