Թրամփն ու Կիմ Չեն Ինը փաստաթուղթ են ստորագրել Սինգապուրում

Թրամփն ու Կիմ Չեն Ինը փաստաթուղթ են ստորագրել Սինգապուրում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը փաստաթուղթ են ստորագրել Սինգապուրում հանդիպման ավարտին: Ստորագրումից հետո Թրամփը խոստացել է Կիմ Չեն Ինին Սպիտակ տուն հրավիրել:

«Սա պատմական հանդիպում էր և մենք որոշել ենք անցյալը հետևում թողնել: Մենք մտադիր ենք պատմական փաստաթուղթ ստորագրել»,-ասել է լրագրողներին Կիմ Չեն Ինը ստորագրման արարողության ժամանակ: Նա հայտարարել է, որ աշխարհը «հսկայական փոփոխությունների ականատեսը կդառնա»,-հայտնում է ՌԲԿ-ն:

Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ հպարտ է հանդիպման արդյունքներով: Թրամփը Կիմ Չեն Ինին անվանել է «արժանի զրուցակից և շնորհալի մարդ»: «Նա արժանավոր բանակցող է, նա խոսում է իր ժողովրդի անունից: Ես իմացա, որ նա շատ շնորհալի մարդ է և պարզեցի, որ շատ է սիրում իր երկիրը»,-ասել է Թրամփը:

Փաստաթղթի բովանդակությունը դեռ անհայտ է, սակայն ըստ CNN-ի, որը հղում է անում աղբյուրին ամերիկյան պատվիրակությունում, դա, հավանաբար, հռչակագիր է բանակցություններում հաջողության և կողմերի միջև երկխոսությունը շարունակելու վերաբերյալ:

Սինգապուրյան հանդիպումն ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի նախագահների առաջին անձնական հանդիպումն էր պատմության մեջ: Գագաթնաժողովը հնարավոր դարձավ տևական բանակցությունների արդյունքում: Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման հիմնական նպատակը համարում է Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացի սկիզբը:

Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ պատրաստ են Վաշինգտոնի հետ քննարկել Կորեական թերակղզում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծման հնարավորությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---