Նախարարություն. Ամուլսարը հաջողված փորձ է պատասխանատու բնապահպանական ծրագրի տեսակետից

Նախարարություն. Ամուլսարը հաջողված փորձ է պատասխանատու բնապահպանական ծրագրի տեսակետից

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն արձագանքել է հանքարդյունբերության վերաբերյալ մի քանի հասարակական կազմակերպությունների առաջարկներին: Նախարարությունը, անդրադառնալով Ամուլսարի ծրագրին, եզրակացրել է, որ «Ամուլսարի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ նոր տեխնոլոգիաների կիրառման, պատասխանատու սոցիալական ու բնապահպանական ծրագրերի իրականացման տեսակետից»:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բնապահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրների կարգավորմանն ուղղված առաջարկություններ էին ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ակնկալելով, որ այդ առաջարկությունները կներգրավվեն ՀՀ կառավարության ծրագրում:

Նախարարությունը հիշեցրել է նաև, որ ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել միայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված դեպքերով, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը չի կարող դադարեցվել օտարերկրյա կազմակերպությունների կողմից տրված եզրակացության հիման վրա: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն ընդերքօգտագործման իրավունքը տրվում է համապատասխան փորձաքննական, այդ թվում նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության, դրական եզրակացությունների հիման վրա:

«Հարկ է նշել, որ Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը, իսկ 2018թ. հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն անկախ աուդիտի արդյունքների, Լիդիանը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին և պրակտիկային»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ամուլսարում, արդյունահանման համար նախապատրաստական աշխատանքների մոտ 80%-ն արդեն իրականացվել է: Կատարվել են մի քանի միլիոն խ/մ հողային, 9000 խ/մ բետոնային աշխատանքներ: 90 000 խ/մ ծավալի մակաբացման աշխատանքներ են կատարվել, կառուցվել է շուրջ 20 կմ ճանապարհ: Իրականացվել են ջրերի կառավարման, ինչպես նաև բնապահպանական կառավարման մյուս համակարգերի շինարարության զգալի մասը: Պատրաստ են տարրալվացման 2 հարթակները, որոնցում իրականացված են ջրամերժ կավային շերտի տեղադրման աշխատանքները և ընթացքի մեջ են պոլիմերային գեոմեմբրաների տեղադրման աշխատանքները, հայտնում է ecolur.org-ը:

Ավելի վաղ, «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյան հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ մոտ քսան մարդ փակել է Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից և խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը:

Ամուլսարն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն դոլար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---