Մանե Թանդիլյանը հեռանում է սոցապ նախարարի պաշտոնից

Մանե Թանդիլյանը հեռանում է սոցապ նախարարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Մանե Թանդիլյանը հեռանում է աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարի պաշտոնից ու հեռանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Այս մասին ինքը Թանդիլյանը հայտարարել է ֆեյսնուքյան իր էջում։

Հրաժարականի պատճառը պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման հարցի շուրջ կառավարության հետ անհամաձայնությունն է։ «Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։ Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում։ Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդրման համար։ Ես լիահույս էի, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա։ Նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդները ընդունելի չեն ինձ համար», - նշել է նա։

Թանդիլյանը գրել է, որ շարունակում է համարել, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։ «Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ․․․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես կառավարության անդամ եմ դարձել որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ես դադարեցնում եմ նաև կուսակցության անդամակցությունը՝ հաստատակամ աջակցելու իմ ընկերներին լուսավոր Հայաստան կերտելու գործում», - ընդգծել է նա։

Կառավարությունը հունիսի 11-ի նիստում թեժ մթնոլորտում ընդունել է հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու որոշումը․ Աշխատավարձի 10%-ի ծավալով կուտակային ֆոնդ արվելիք ներդրման 2,5%-ը կվճարի քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը։ Նախկինում գործող կարգի համաձայն, համակարգի մասնակիցն ու պետությունն անում էին հավասարաչափ ներդրումներ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---