ԵԽ. Հայաստանի միջազգային հեղինակությունը մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում լրջորեն տուժել է

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի երեւանյան իրադարձությունները լուրջ վնաս են հասցրել Հայաստանի հեղինակությանը: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նրա խոսքերով, այսօր Հայաստանում «կարծես, օրենքներ են գործում, որոնք քաղաքացիների համար խոչընդոտներ են ստեղծում կառավարությանը կամ նախագահին անհամաձայնություն հայտնելու համար»: «Ես գտնում եմ, որ դա ցավալի է: Ժողովրդավարությունը ենթադրում է, որ մարդիկ հակառակ կարծիքներ հայտնելու իրավունք ունեն: Սակայն ես չեմ ընդունում բռնությունը, լինի դա փողոցում, թե որեւէ տեղ»,- նշել է նա: Դեւիսը նաեւ նշել է, որ հայտարարություններ է լսել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, սակայն ընդգծեց, որ քաղբանտարկյալների մասին հայտարարելուց առաջ, պետք է «հստակ վկայություններ ունենալ»: «Ես դեռ ոչ մեկից նման վկայություն չեմ ստացել»,- նշել է նա, հավելելով, որ խոսել է Հայաստանից մեկի հետ, եւ նրան խոստացել են մեկ շաբաթվա մեջ տրամաադրել համապատասխան տեղեկատվություն: ԵԽ գլխավոր քարտուղարը չի ցանկացել նշել` ով է իր աղբյուրը, հաղորդում է ARMENIA Today-ը:



Հիշեցնենք, որ մարտի 1-2 Երեւանում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների եւ ընդդիմադիրների միջեւ, ում տասը օր ձգվող հանրահավաքը ցրվեց իրավապահ ուժերի կողմից: Չհաշտվելով առավոտյան կայացած «գործողության» հետ ընդդիմադիրները հավաքվեցին Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում: Սակայն իրավապահ մարմինները, զինված ուժերի օգնությամբ, ցրեցին հանրահավաքի մասնակիցներին: Արդյունքում տեղում մահացել էր 8 եւ վիրավորվել ավելի քան 200 մարդ: Հետագում հիվանդանոցում մահացան եւս երկու հոգի: «Անկարգությունների» փաստով Հատուկ քննչական խումբը քրեական գործ է հարուցել: Ձերբակալվել է ավելի քան 100 ընդդիմադիր, այդ թվում խորհրդարանի պատգամավորներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---