Արցախի պետնախարար. Հայրենադարձության ծրագրին նոր թափ կհաղորդվի

Արցախի պետնախարար. Հայրենադարձության ծրագրին նոր թափ կհաղորդվի

PanARMENIAN.Net - Հայրենադարձությունը գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և առկա հնարավորությունների սահմաններում տարեցտարի դրան նոր թափ է հաղորդվելու: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նա քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, ապա՝ Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր:

Այցի սկզբում Մարտիրոսյանը եղել է Բերձորում կառուցվող շրջանային բազմաֆունկցիոնալ հիվանդանոցի շինհարթակում, ծանոթացել կատարվող աշխատանքներին:

Այնուհետև Մարտիրոսյանն այցելել է շրջանի հարավային թևի՝ վերջերս տեղացած կարկուտից ամբողջովին վնասված հացահատիկային մշակաբույսերի դաշտեր և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով Իշխանաձոր համայնքում մշակվող տնտեսություն, որտեղ մոտ 40 հեկտարի վրա աճեցվում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Անդրադառնալով մոտ 70 աշխատատեղ ապահովող այս տնտեսության գործունեությանը՝ պետնախարարը հորդորել է շարունակել աշխատանքները նոր թափով, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Իշխանաձորում Մարտիրոսյանն այցելել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամաս, որտեղ ավարտին է մոտենում վերաբնակիչների համար նախատեսված 50 առանձնատների շինարարությունը: Պետնախարարը ծանոթացել է նոր բնակարանների պայմաններին և շեշտել, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Այստեղ նա անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Անդրադառնալով կարկտահարության հետևանքով տուժած հողօգտագործողների խնդրին՝ Մարտիրոսյանը նշել է, որ առաջիկայում կանցկացվեն քննարկումներ, որոնց ընթացքում հաշվի կառնվեն նաև հողօգտագործողների կարծիքները, և որոշում կկայացվի պետական աջակցության ձևի ու չափի մասին: Պետնախարարը հավաստիացրել է, որ բնակարանների վերանորոգման համար պետական աջակցությամբ հատկացվող շինանյութերի ծրագիրն առաջիկայում ավելի կկանոնակարգվի, կմեծացվեն տրամադրվող շինանյութի ծավալները։

Օրվա երկրորդ կեսին պետնախարարն ուղևորվել է Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր: Մարտիրոսյանը տեղում ծանոթացել է վերաբնակիչների համար տեղադրված ժամանակակից կահավորմամբ նոր տնակների տեղադրման ընթացքին, համայնքում իրականացվող ծրագրերին և խոստացել, որ բնակավայրի նկատմամբ պետական ուշադրության պակաս չի լինելու:

Հունիսի 6-ին Արցախի ֆինանսների նախկին նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է պետական նախարար (վարչապետ) փոխարինելով Արայիկ Հարությունյանին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բարեգործական հիմունքներով ու Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ բնակարանաշինության հաջողված ծրագրեր են իրականացվել Աղավնո (Արիավան) բնակավայրում, Նոր Կիլիկիա թաղամասում և Իշխանաձոր համայնքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---