18 ապրիլի 2008 - 14:31 AMT
Սպիտակ տունը հավաստի տեղեկատվություն չունի Երեւանում մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ
Ջորջ Բուշի վարչակազմը գտնում է, որ «Երեւանում մարտին տեղի ունեցած անկարգությունների պատասխանատվության բեռը կրում է Հայաստանի կառավարությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարոտւղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նա հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսին կից Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության երկկուսակցական հանձնաժողովի (Հելսինկիի հանձնաժողով) նիստում, որը նվիրված էր Հայաստանում ստեղծված իրավիճակին: Այդ մարմնի նախագահն է Ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Էլսի Հասթինգսը, համանախագահն է` սենատոր-դեմոկրատ Բենջամին Քարդինը: ԱՄՆ արտաքին գերատսեչության աշխատակիցը խոստովանել է, որ Սպիտակ տունը հավաստի տեղեկատվություն չունի Երեւանում մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ, որոնց հետեւանքով 10 մարդ է զոհվել: Այնուամենայնիվ, Սպիտակ տունը գտնում է, որ կատարվածի համար պատասխանատու են Հայաստանի ընտրված առաջնորդները, հայտարարել է Մ.Բրայզան: Նա հաստատել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների անկողմնակալ հետաքննության օգտին:

Ընդ որում դիվանագետը կոչ է արել Հայաստանի կառավարությանը «վճռական քայլեր ձեռնարկել», ուղղված «ժողովրդավարական դինամիկայի վերականգնմանը» հանրապետությունում, ինչպես նաեւ ազատել ընդդիմադիր ուժերի ձերբակալված ներկայացուցիչներին: Ըստ Մ.Բրայզայի բերած տվյալների, նման ձերբակալվածների թիվը հասնում է 100-110-ի: Նա նաեւ զգուշացրել է, որ եթե Երեւանը չկատարի Վաշինգտոնի պահանջները, Հայաստանը, հավանաբար, դուրս կմնա «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գծով համագործակցությունից, որն աջակցում է զարգացող երկրներին:

Է.Հասթինգսը պնդել է, որ մարտի իրադարձությունները «լուրջ վնաս» են հասցրել Հայաստանի հեղինակությանը միջազգային ասպարեզում: Բ.Քարդինն, իր կողմից, ասել է, որ Բուշի վարչակազմը պետք է գլխավորի միջազգային ջանքերն, ուղղված կատարվածի անկախ հետաքննության կազմակերպմանը:

Հարկ է նշել, որ Մ.Բրայզան սրանից երեք շաբաթ առաջ արդեն փորձել էր ազդել Հայաստանի իշխանությունների վրա, անվանելով ընդդիմության ներկայացուցիչների դեմ Երեւանում կիրառված գործողությունները «կոպիտ եւ դաժան ակցիա», հաղորդում է «Իզվեստիան»:

Փետրվարի 20-ից ի վեր Երեւանում ընթացող ընդդիմության հանրահավաքները, որտեղ դժգոհություն էր հայտնվում Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, մարտի 1-ին վերածվեցին զանգվածային անկարգությունների եւ բախումների իրավապահ մարմինների հետ: Զոհվեց 8 մարդ, 200-ից ավելին` վիրավորվեցին: Մարտի 1-ից ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Երեւանում հայտարարվեց արտակարգ դրություն 20 օր ժամկետով: