ԱՄՆ դեսպանը փոխվարչապետի հետ հանդիպմանը կարևորել է «Լիդիանի» գործունեության շարունակությունը

ԱՄՆ դեսպանը փոխվարչապետի հետ հանդիպմանը կարևորել է «Լիդիանի» գործունեության շարունակությունը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը, հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանը կարևորել է Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Լիդիան-Արմենիա ընկերության, որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագրի, գործունեության շարունակականությունը: Փոխվարչապետ Ավինյանը վստահեցրել է, որ նոր կառավարությունը անաչառ ուսումնասիրություններ է իրականացնելու՝ վեր հանելու Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի ընդհանուր պատկերն ու համապատասխանությունը միջազգային և պետական ստանդարտներին, և, որ այդ ստուգումները պետք է կազմակերպվեն բոլոր ձեռնարկություններում՝ թափանցիկ ու բոլոր կողմերի համար արժանահավատ ձևաչափով: Իսկ ստանդարտներին համապատխան ձեռնարկությունները պաշտպանված են լինելու պետության կողմից:

Կողմերը նաև քննարկել են Հայաստանի մրցունակությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի համար: ԱՄՆ դեսպանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ այդ հարցին:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ ներառյալ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունը, հարկային և ենթակառուցվածքային համակարգերում խթաններ հաղորդելու անհրաժեշտությունը:

«Լիդիան-Արմենիա» ընկերությունը ՀՀ-ում շահագործում է Ամուլսարի ոսկու հանքը Ջերմուկի մերձակայքում։ Հանքի շահագործման համար արվելիք ներդրումները կկազմեն մինչև $370 մլն։ Բնապահպանները պահանջում են չշահագործել այն, մասնավորապես, Սևանի ավազանի համար հնարավոր ռիսկերը մատնանշելով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---