15 հունիսի 2018 - 13:06 AMT
Սամվել Բաբայանը և գործով մյուս դատապարտյալներն ազատ են արձակվել

Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել մի խումբ պատգամավորների երաշխավորության մասին միջնորդությունը և «Իգլա»-ի գործով դատապարտյալներ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը ազատ են արձակվել, հայտնում է Aysor.am-ը։

Վճռաբեկ դատարան էին ներկայացվել ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի անձնական երաշխավորությունները՝ Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Պատգամավորները երաշխավորել են, որ Բաբայանը թույլ չի տա «որևէ անթույլատրելի վարքագիծ»։ Դատարանին ներկայացվել էր նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Կարապետյանի, Տիգրան Ստեփանայնի և էլի մի քանիսի անձնական երաշխավորությունը՝ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի ազատման դիմաց։

Սամվել Բաբայանի և նրա հետ միասին նույն քրեական գործով անցնող Սանասար Գաբրիելյանի ու Արմեն Պողոսյանի քրեական գործը դատարանում կքննվի նորովի։

Մասնավորապես, Սամվել Բաբայանի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասով և 190 հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը որոշվեց բեկանել ու ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։

Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան:Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա ազատազրկմանէ դատապարտվել: