ՀՀԿ․ Եթե Գրիգորյանի մեղադրանքը հաստատվի, նա պետք է պատժվի ամբողջ խստությամբ

ՀՀԿ․ Եթե Գրիգորյանի մեղադրանքը հաստատվի, նա պետք է պատժվի ամբողջ խստությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքների խուզարկության արդյունքում բանակից գողացած սնունդի, հիգիենայի ու հագուստի պարագաների, մեքենաների ու այլ գույքի հայտնաբերման առնչությամբ։

Նշվում է, որ կուսակցությունը «խորը ցավով և զայրույթով ծանոթացավ այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից»:

«Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է», - նշվում է հայտարարությունում:

«Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ: Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է թե ոչ, ԱԺ պատգամավոր է թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև: Սրանք հերթապահ բառեր կամ մտքեր չեն, սա անվերապահ դիրքորոշում է, հատկապես այն ինչ ներկայացվել է, բացի իրավական ասպեկտից, ունի ընդգծված բարոյական կողմ: Սա հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին»:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---