18 ապրիլի 2008 - 20:19 AMT
Lեռնային Ղարաբաղն իրական նախադեպ է փոքր ինքնավար պետությունների համար
Դեռ մինչեւ Կոսովոյի անկախության հարցը կընդգրկվեր միջազգային օրակարգում, Լեռնային Ղարաբաղում անցկացվել է անկախության հռչակման հանրաքվե, հայտարարել է հայ պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, Ղարաբաղի քաղաքացիները անկախություն էին հռչակել միջազգային եւ ԽՍՀՄ օրենքներին լիարժեք համապատասխանությամբ: «Անկասկած է, որ Lեռնային Ղարաբաղն իրական նախադեպ է փոքր ինքնավար պետությունների համար»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Չնայած շարունակվող պատերազմական սպառնալիքներին Ադրբեջանի կողմից, ոչ Ղարաբաղը, ոչ էլ հայկական պատվիրակությունը երբեք չի շահարկում գաղթականների, «օկուպացված» տարածքների խնդիրները, նշել է հայ պատվիրակության անդամը: Նրա խոսքերով, Ղարաբաղը, Կոսովոյից շատ ավելի շուտ, հռչակել է ազատության, օրինականության եւ ժողովրդավարության նոր դարը:

Ստրասբուրգից Րաֆֆի Հովհաննիսյանը կմեկնի Սերբիա եւ Կոսովո, որտեղ հաջորդ շաբաթ հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցելու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարածաշրջանային առաքելությանը: