19 ապրիլի 2008 - 16:21 AMT
Հայաստանի խորհրդարանն ամեն ինչ կանի, որպեսզի ԼՂՀ-ն լիովին ներգրավվի բանակցային գործընթացին
«Անհրաժեշտ է կենտրոնացնել համահայկական ողջ կարողությունները, առավել արդյունավետ դարձնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ համատեղ մամլո ասուլիսում, որ տեղի է ունեցել ԼՂՀ եւ Հայաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ավարտին:

Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում նախապատրաստվող հայտարարությանը ղարաբաղյան հակամրտության կարգավորման վերաբերյալ` Տ.Թորոսյանը նշել է. «Մենք կառաջարկենք Հայաստանի նախագահին եւ կառավարությանն միջազգային իրավունքի շրջանակներում ձեւակերպել այն իրավական հիքմերը, որոնք թույլ են տալիս առավել արդյունավետ դարձնել երկու հայկական պետությունների համագործակցությունը եւ միաժամանակ Հայաստանի համար լիարժեք հնարավորություն ստեղծել անհրաժեշտության դեպքում, իսկ միջազգային իրավունքը դա թույլ է տալիս, ապահովել ԼՂՀ անվտանգությունն ու պաշտպանությունը»: Ընդ որում նա հաղորդել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին իրադարձություններին վերաբերող հայտարարությունը դեռեւս ընդունված չէ եւ քննարկման փուլում է գտնվում:

«Քննարկումները սկսվեցին մեկ շաբաթ առաջ, սակայն դեռեւս չեն ավարտվել: Քանի որ, այս այցն արդեն ծրագրված էր, մենք համարեցինք, որ ճիշտ կլիներ քննարկել հարցը նաեւ ԼՂՀ ԱԺ մեր գործընկերների հետ: Վերդառնալուն պես մենք կշարունակենք քննարկումներն ու հայտարարությամբ հանդես կգանք»,-ասել է ՀՀ ԱԺ խոսնակը: Տ.Թորոսյանը դժվարացել է ասել, թե ինչ փոփոխությունների կենթարկվի հայտարարությունը Ստեփանակերտի քննարկումներից հետո, սակայն համոզվածություն է հայտնել, որ այն որեւէ առարկություն չի ստանա ղարաբաղցի պատգամավորների կողմից, քանի որ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանականները «միասնական պատկերացում ունեն ներկայիս զարգացումների եւ առաջիկա գործունեության մասին»: Ընդ որում խոսնակը հաղորդել է լրագրողներին, որ ՀՀ ԱԺ-ն կառաջարկի Հայաստանի նախագահին եւ կառավարությանն առավել նախաձեռնող լինել ղարաբաղյան խնդրի քաղաքականության հարցում, ընդլայնել եւ առավել արդյունավետ դարձնել այդ ուղղությամբ տարվող գործունեությունը: Թորոսյանը նշել է, որ բոլոր ջանքերը կգործադրվեն, որպեսզի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես հակամարտության միջազգայնորեն ճանաչված կողմ, լիարժեք մասնակցություն ունենա բանակցային գործընթացին»: «Մենք չենք սահմանափակվի նախագահին եւ կառավարությանն ուղղված առաջարկներով, մենք ինքներս կոնկրետ քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ»,-ասել է ՀՀ ԱԺ խոսնակը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: