Խախտումներ վարչական տուգանքների վճարման գործընթացում. 606 մլն դրամի վնաս է հասցվել

Խախտումներ վարչական տուգանքների վճարման գործընթացում. 606 մլն դրամի վնաս է հասցվել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը խախտումներ է հայտանաբերել վարչական տուգանքների վճարման գործընթացում, ինչի հետևանքով 606 մլն դրամի վնաս է պատճառվել պետությանը: Հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ 2016-2017-ին ավտոմեքենաների մի շարք սեփականատերեր, այդ թվում տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ, որոնք հանդիսանում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների սուբյեկտ, խաբեության եղանակով խուսափելու համար վճարել վարչական տուգանք­ները, ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ խախտումները կատարվել են գույք կամ եկամուտներ չունեցող թվով 89 ֆիզիկական անձի կողմից:

Ելնելով այս տվյալներից՝ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցներն ավելի քան 40.000 խախտում­ների համար նշանակված տուգանքների գումարները, որը կազմում է 375,5 մլն դրամ, արձա­նագրել են գույք կամ եկամուտներ չունեցող այդ ֆիզիկական անձի անվամբ: Իսկ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն այդ խախտումների համար վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներն ավարտել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

Փաստացի, պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, մոտ 2 տարի շարունակ 89 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով տասնյակ հազարավոր վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները: Նշված բոլոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

«Նկատի ունենալով, որ այդ գործողություններում առերևույթ առկա են խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, ինչպես նաև ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նշված ուսումնասիրության արդյունքում սա հանցագործությունների նույն հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվող թվով 6-րդ քրեական գործն է: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման փաստերով հարուցվել և քննվում են ևս 5 քրեական գործեր, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 231 մլն դրամ (հարուցված բոլոր քրեական գործերով՝ ընդհանուր ավելի քան 606 մլն դրամ)», - նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---