ԱՆ. Պատվաստումների քաղաքականությունը կփոփոխվի

ԱՆ. Պատվաստումների քաղաքականությունը կփոփոխվի

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին հայտարարություն է տարածել, համաձայն որի հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ) և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով:

«Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում և դրանց հետ 5 դեղաչափ բերանային կենդանի և 1 դեղաչափ ապաակտիվացված ներարկման պոլիոմելիտի պատվաստանյութ: Փոփոխության արդյունքում երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ՝ պահանջվող նվազագույն քանակը (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ, ապաակտիվացված պոլիոմելիտ): Վեցավալենտն ամբողջությամբ կփոխարինի ներկայում ստացվող հնգավալենտ պատվաստմանը՝ մեկտեղելով մինչ այժմ առանձին ստացվող պատվաստանյութերը», - նշվում է հայատարարության մեջ:

Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորմամբ, փոխվում է պոլիոմելիտի պատվաստանյութի բաղադրությունը:

«Դրա մեջ մտնող թեև թուլացված, բայց կենդանի վիրուսը փոխարինվում է ոչ կենդանի, ապաակտիվացված վիրուսով: Նախատեսվում է մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը, որի շրջանակներում բոլոր երկրները 2018-ից աստիճանաբար կատարում են նշված փոփոխությունը: Հայաստանը ևս որդեգրում է ԱՀԿ մոտեցումն ու այս աշնանից փուլային անցում կկատարի պատվաստումների նոր ընթացակարգին: Այս մոտեցումն արդեն կիրառվում է զարգացած տարբեր պետություններում, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում՝ Վրաստան, Մերձբալթյան հանրապետություններ, և փաստել է իր արդյունավետությունը», - ասվում է հայտարարության մեջ:

Նախարարութունը պարզաբանել է հնգավալենտի և վեցավալենտի տարբերությունները:

«Վեցավալենտն առավել փոքր թվով երեխաների մոտ կառաջացնի ջերմային ռեակցիա, քանի որ դրա բաղադրության մեջ կապույտ հազի հակածինները մոտ հինգ անգամ պակաս են: Ակնկալվում է, որ հետպատվաստումային առավել թեթև ընթացքի դեպքում կավելանա պատվաստումների քանակը, ինչի արդյունքում կնվազի կապույտ հազով ընհանուր հիվանդացությունը: Այնինչ, նկատենք, որ վերջին շրջանում վարակի որոշակի աշխուժացում է նկատվում: Պատվաստանյութերի մեկտեղմամբ պատվաստումների թվի կրճատումը՝ 3 ներարկման փոխարեն 2-ը, նաև հոգեբանական ազդեցություն կունենա:Միաժամանակ, նախարարությունը վստահեցնում է, որ պատվաստման ողջ գործընթացի պատշաճ իրականացումը, մասնավորապես, ընթացակարգերի ճշգրիտ պահպանումը և հետպատվաստումային դիտարկումներն առաջնահերթ են և մշտապես գտնվում են ուշադրության առանցքում», - հայտնում են նախարարությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---