21 ապրիլի 2008 - 16:50 AMT
Երեւանում տեղի կունենա շվեյցարացի հումանիստ Յակոբ Կյունցլերին նվիրված միջոցառում
Ապրիլի 22-ին Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա շվեյցարացի հումանիստ Յակոբ Կյունցլերին նվիրված միջոցառում: Նա եղել է Յոհաննես Լեփսիուսի «Գերմանական արեւելյան առաքելության» ներկայացուցիչը Ուրֆայում (Արեւմտյան Հայաստան) եւ աշխատել է միսիոներական հոսպիտալում: Կյունցլերի գերեզմանից բերված հողը կամփոփվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ:

Արարողությանը կմասնակցեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Կյունցլերի ժառանգները, որոնք ժամանելու են Երեւան»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա պատմել է շվեյցարացի հայասերի մասին` նշելով, որ 1922թ. Կյունցլերը միանում է «Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին»` կազմակերպելով 8000 հայ որբերի ապահով տեղափոխում Թուրքիայից Սիրիա եւ Լիբանան: Նույն 1922թ. նա Սիրիայում հիմնում է որբանոց 1400 դեռատի հայուհիների համար, իսկ Բեյրութում` որբեւայրիների հոսպիտալ: Յակոբ Կյունցլերը մահացել է 1949թ. եւ թաղված է Բեյրութի բողոքականների գերեզմանատանը: