ՊՆ հագուստի գնման մրցույթում մոտ 30 մլն դրամով թանկ գին առաջարկած ընկերությունն է հաղթել

ՊՆ հագուստի գնման մրցույթում մոտ 30 մլն դրամով թանկ գին առաջարկած ընկերությունն է հաղթել

PanARMENIAN.Net - ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը մոտ 30 մլն դրամի չարաշահումներ է բացահայտել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար բամբակյա շապիկ, կիսավարտիք, տաք ներքնաշոր, կոմուֆլյաժ մայկա-ֆուֆայկա, ինչպես նաև բարձ, բարձի երես, ծածկոց, սավան, վերմակածրար և ներքնակ ապրանքատեսակների գնման գործընթացում: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշվում է, որ փետրվարի 22-ին նշված ապրանքները գնելու նպատակով կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «Բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «Հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից՝ առավել ցածր գին առաջարկած առաջին և երկրորդ հայտատու ընկերություններին:

«Արդյունքում հաղթող է ճանաչվել երրորդ տեղ զբաղեցրած և մոտ 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Ի դեպ, նշված գումարը համարժեք է եղել առաջին հայտատու ՍՊԸ-ի ներկայացրած պայմանագրային արժեքով 50.000 հատ շապիկի կամ 80.000 հատ կիսավարտիքի գնին», - նշվում է դատախազության հաղորդագրության մեջ:

ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---