ՄԻՊ. Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է պահպանել իրավական ընթացակարգերը

ՄԻՊ. Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է  պահպանել իրավական ընթացակարգերը

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է մշտապես պահպանել իրավական ընթացակարգերի կանոնները: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ ՄԻՊ-ը մանրամասն հետևում է ԱԱԾ վերջին գործողություններին։

Նա նշել է նաև, որ շատ է կարևորում կոռուպցիայի դեմ պայքարը և պատասխանատվության խիստ միջոցների կիրառումը, հայտնում է Panorama.am-ը ։

Անդրադառնալով մարդկանց բերման ենթարկելը ներկայացնող տեսանյութերին, Թաթոյանն ասաց, որ դրանք դառնալու են քննության, առնվազն գնահատականի առարկա:

Խոսելով Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը՝ նա նշել է, որ փաստաբանն ահազանգել էր խոշտանգման մասին և ինքը հանձնարարել էր՝ կապվել փաստաբանի հետ և հասկանալ կոնկրետ ինչում է խնդիրը։

«Փաստաբանը նշել էր, որ այս պահին չի գտնում անհրաժեշտություն ուղիղ մեզ դիմելու, այս պահին մեզ ուղղված դիմում, բողոք չունենք։ Բայց առաջիկա այցերից մեկում՝ քրեակատարողական հիմնարկներ, մեր աշխատակիցները նրան կտեսակցեն։ Մեզ համար որևէ նշանակությունն չունի մարդն ինչ հանցանքի մեջ է մեղադրվում, որքան էլ որպես քաղաքացի չընդունեմ և զազրելի համարեմ ենթադրյալ հանցանքը, միևնույն է, ազատությունից զրկման հարցում պարտավոր եմ ցուցաբերել միանման մոտեցում»,- ասաց օմբուդսմենը։

Թաթոյանը տեղեկացրել է նաև, որ ձերբակալման հենց առաջին օրը այցելել է Մանվել Գրիգորյանին. «Առանձնազրույց ենք ունեցել։ Նա ասել է, որ դեղերի կարիք ունի, բայց ձերբակալված անձանց վայրը պատշաճ արձագանք էր տվել, հենց մեր առանձնազրույցից հետո բժշկուհին սպասում էր, որ հետազոտեր ու դեղերի հարցը լուծեր»։

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ օրենքի տեսանկյունից պետք է լինի հավասար մոտեցում բոլորի նկատմամբ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմինների ղեկավարների հետ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է շատ խստորեն հետևել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որևէ այլ մեկնաբանություն չլինի:

«Երբ մենք Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միևնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը: Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որևէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան»,- ասել էր Փաշինյանը:

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները