29 հունիսի 2018 - 11:34 AMT
Մնացականյան. Հուսով ենք՝ Գերմանիան շուտով կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը ոչ միայն հարաբերությունների նոր իրավական հենք է, այլև կարևոր գործիք Հայաստանի համար՝ խրախուսելու բարեփոխումները և գործընկերությունը։ Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ հանդիպմանը։

Զոհրաբ Մնացականյանը և Վոլֆգանգ Շոյբլեն գոհունակություն են հայտնել հայ-գերմանական խորհրդարանական ակտիվ համագործակցության կապակցությամբ և արժևորել հաստատված վստահելի փոխգործակցությունը։

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները՝ հույս հայտնելով, որ Գերմանիայի խորհրդարանը ևս մոտ ապագայում կվավերացնի համաձայնագիրը։

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կատարելու ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը՝ բարեփոխումների միջոցով առավել ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, արդարության ապահովումը և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը։ Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բունդեսթագի նախագահ Շոյբլեի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ մոտեցումները։

Զոհրաբ Մնացականյանը Վոլֆգանգ Շոյբլեին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան: