29 հունիսի 2018 - 14:36 AMT
Մեդինսկի. Վերին Լարսի անցակետերում 1-ի փոխարեն երթևեկության 4 գիծ կլինի

Ռուսաստանն ու Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլ հարյուրամյակներ շարունակ հարաբերությունները զարգացնում են բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետ սկզբունքների հիման վրա: Այս մասին Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովում հայտարարեց Ռուսաստանի մշակույթի նախարար, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:

Այս հարաբերություններում, ըստ նրա, մարզերի միջև անմիջական շփումները կարևոր տեղ են գրավում և դրանց շնորհիվ են իրականություն դառնում շուկաների բացման, առևտրի ազատության և հարաբերությունների իրավահավասարության հիմնարար սկզբունքները: Նրա խոսքով՝ սրանք են այն ուղենիշները, որի հիման վրա ստորագրելու են մինչև 2021 թվականը միջմարզային համագործակցության ծրագիրը, հայտնում է Panorama.am-ը

Վլադիմիր Մեդինսկին նշել է նաև, որ Ռուսաստանը մեծ մաս ունի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կազմում: «Ամեն տարի այդ ծավալներն ավելանում են: 2018 թվականի ընթացիկ տարում 2017 թվականի համեմատ առևտրաշրջանառությունն ավելացել է 36 տոկոսով»,- ընգդծել է նախարարը:

Նա նաև նշել է, որ կայուն զարգանում է տրանսպորտի ոլորտում համագործակցությունը: Ըստ նրա՝ Ռուսաստանի կառավարությունը կյանքի է կոչում համաձայնագրերը, որոնք նախատեսված են Վերին Լարսում ավտոմեքենաների բազմակողմանի անցակետերի օպտիմալացման համար։ «Անցակետում մեկից չորս են դառնալու երթևեկության գծերը, ինչը կբարելավի տրանսպորտային իրավիճակը»,- ասել է նախարարը:

Վլադիմիր Մեդինսկին նաև հայտնել է, որ շարունակվում է երկաթգծային տրանսպորտի շրջանակներում կոնցեսիոն պայմանագիրը և Հայաստանին է փոխանցվելու «Հարավկովկասյան երկաթգիծ» ընկերությունը։ «Ռուսաստանն ավելի քան 250 միլիոն դոլար է ներդրել երկաթգիծն արդիականացնելու համար՝ հատկապես շարժակազմի բարելավման համար»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ մեծ հեռանկարներ կան ՏՀՏ տեխնոլոգիաների ոլորտում, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի: «Այն ընկերությունները, որոնք ՏՏ ոլորտում են աշխատում, հուսով եմ, որ կկարողանան հուսալի գործընկերներ գտնել Հայաստանում: Այստեղ կարևորությունը շարունակում է պահպանել ընդհանուր ներդրումային ֆոնդի ստեղծումը, որը կօգնի ՏՏ ոլորտում նախագծերի ստեղծմանը»,- նշել է Վլադիմիր Մեդինսկին:

Ըստ նրա՝ հնարավորություններ կան ավելացնելու նաև Հայաստանից դեպի Ռուսաստան բանջարաբոստանային կուլտուրաների արտահանումը: «Ամեն տարի հայկական արտադրանքի վաճառքի ծավալներն ավելանում են: Մենք համակարգային պետական որոշումներ ենք կայացնում, որոնք օգնում են վերացնել տարբեր արգելքները: Այս առումով մեզ համար հատկապես կարևոր է ռուսական առևտրային ցանցի և հայկական արտադրողների միջև կապերի ամրապնդումը»,-ասել է Վլադիմիր Մեդինսկին:

Կարևորվել է նաև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացումը:

Միջոցառումը նվիրված է գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։