2018-ին Գերմանիայից ՀՀ այցելուների թիվը 2017-ի համեմատ աճել է 47%-ով

2018-ին Գերմանիայից ՀՀ այցելուների թիվը 2017-ի համեմատ աճել է 47%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ զբոսաշրջության զարգացման ուղղությունը: Այդ մասին Բեռլինում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա հայտնել է, որ 2018թ. հունվար-մարտ ամիսներին Գերմանիայից Հայաստան այցելուների քանակը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47%-ով, իսկ այս տարվա հունիսի 17-ից մեկնարկել է Բեռլին-Երևան ուղիղ չվերթը, որն անկասկած զգալիորեն կնպաստի զբոսաշրջության աճին:

Նախարարը նշել է նաև, որ Գերմանիան ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարած համախառն ներդրումների ծավալով զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին։ «Մեր երկկողմ օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը, մենք արժևորում ենք նաև գերմանական միջազգային համագործակցության գործակալությունների` GIZ-ի և KFW-ի գործունեությունը Հայաստանում: Մենք երախտապարտ ենք Գերմանիայի ժողովրդին անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օժանդակության համար, ինչը կարևոր դեր է ունեցել մեր երկրում տնտեսության զարգացման և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում»,-ասել է ԱԳ նախարարը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ, Ներքին գործերի նախարարության պետքարտուղար դոկտոր Հելմուտ Թայխմանի հետ, ինչպես նաև Գերմանա-հայկական ֆորումի ղեկավար Ալբերտ Վայլերի հետ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---