2 հուլիսի 2018 - 15:21 AMT
ԱԻՆ. Հրդեհների մեծ մասը բնության գրկում քաղաքացիների խնջույքների արդյունքն է

Չնայած ՀՀ ԱԻ նախարարության կողմից ԶԼՄ-ների միջոցով տարածված հաղորդագրությանը բարձր ջերմային ֆոնի պայմաններում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման կենսական անհրաժեշտության վերաբերյալ՝ նախորդ շաբաթվա ընթացքում միայն Կոտայքի մարզում գրանցվել է 40 հրդեհ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:

Նշվում է, որ գրանցված հրդեհների մեծ մասը բնության գրկում քաղաքացիների խնջույքների արդյունք է:

«Սիրելի համաքաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում ենք ուշադիր լինել և պահպանել հակահրդեհային բոլոր վարքականոնները: Արդեն առաջացած հրդեհի մարումն, անշուշտ, հրշեջ-փրկարարների գործն է, սակայն հրդեհի առաջացման կանխարգելումը մեր ՝ բոլորինս»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ԱԻՆ-ը զգուշացրել էր, որ ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Նախարարությունը նաև նշել էր հրդեհների կանխարգելման միջոցները: