Պաշտպանության նախկին նախարարը՝ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ

Պաշտպանության նախկին նախարարը՝ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է «Մարտի 1-ի» դեպքերի վերաբերյալ քրգործում որպես մեղադրյալ, նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ինչպես հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը, հուլիսի 3-ին քրգործ է հարուցվել՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: Քրգործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող գործին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

Նշվում է, որ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են․․․ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչին լայնամասշտաբ բողոքի ցույցեր են հետևել։

«Հասարակության լայն շրջանակներում առաջացող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը՝ գործող իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ, որոնք արտահայտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ», - նշվում է հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք խախտել են 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն, և միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին:

Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով: ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ Երևան քաղաքում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ՝ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր:

2008 թվականի մարտի 1-ի գիշերը՝ լուսաբացից առաջ, Երևան քաղաքի Ազատության հրապարակում ոստիկանական ուժերի կողմից իրականացվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում, որի ընթացքում բազմահազար խաղաղ ցուցարարներ հեռացվել են հրապարակից և ստիպված հանգրվանել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում: Խաղաղ ցուցարարների թիվն ավելի է աճել և արդեն ցերեկը Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և այլ փողոցներում:

Փաստացի հաստատված ռազմական դրության պայմաններում, նույն օրը՝ երեկոյան, Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ: Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել է 8 քաղաքացիական անձ և ոստիկանության 2 ծառայող: Խաղաղ հավաքը ցրվել է: Էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---