5 հուլիսի 2018 - 15:04 AMT
Ազգային երգ ու պար, գինու և գաթայի հյուրասիրություն՝ Վարդավառ միջազգային փառատոնին

Հուլիսի 8-ին «Երիտասարդական ակումբների դաշնություն» (FYCA) ՀԿ-ի նախաձեռնությամբ արդեն 5-րդ տարին անընդմեջ կկազմակերպվի Վարդավառ միջազգային փառատոնը, որի նպատակը հանրության շրջանում Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

Ամեն տարի Հայաստանից, Սփյուռքից և արտասահմանից հազարավոր հյուրերի համախմբող փառատոնն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում:

Փառատոնը կմեկնարկի վաղ առավոտից Գեղարդի վանքում՝ պատարագով և երիտասարդության օրհնության կարգով: Այստեղ փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու տոնի խորհրդին՝ հոգևորականի կողմից ջուր ցողելու արարողությանը:

Կեսօրին Գառնու տաճարի հարակից հրապարակում կլինի Վարդավառի տոնակատարությունը՝ հեթանոսական ավանդույթների մատուցմամբ: Ծրագրում ընդգրկված է նաև հատուկ Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված գաթայի և գինու հյուրասիրություն, ազգային երգ ու պար, Վարդավառի շուրջպար և խաղեր: Մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվելու հայոց դիցարանի Աստղիկ և Վահագն աստվածների կերպարների հետ:

Հուլիսի 7-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Արարատյան Հայրապետակամ թեմի երիտասարդաց միությունները և Երևանի քաղաքապետարանը Վարդավառի նախատոնակի մեծ տոմախմբություն կանցկացնեն: Տոնական շքերթը Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց հասնելու է մինչև Երևանի մանկական զբոսայգի: Այգում կանցկացվի ազգային երգ ու պարով խորհրդանշական միջոցառում:

Իսկ հուլիսի 8-ին՝ Վարդավառի տոնին, քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում կիրականացվի «Վարդավառի տոնը Երևանում» միջոցառումը: Տոնական միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքի վարչական շրջաններում կտրվի ժամը 12:00-ին: