Ինչպես է անցնում նորակոչիկի առաջին 3 օրը

Ինչպես  է անցնում նորակոչիկի առաջին 3 օրը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջների համաձայն, զորակոչի նախապատրաստական և իրգործման փուլում զորամասերի հրամանատարների հրամանով անձնակազմի հետ աշխատելու փորձ և մանկավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով ձևավորվում են խմբեր: Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշված խմբերը դիմավորում են զորամաս ժամանած նորակոչիկներին, ողջույնի խոսք ուղղում, կարճ տեղեկություններ հաղորդում զորամասի առօրյայի վերաբերյալ, որից հետո սկսում են իրականացնել համապատասխան աշխատանքներ:

1-ին օր

- բոլոր նորակոչիկների հետ անցկացվում է ծանոթական զրույց, որի արդյունքների վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում նորակոչիկների «Հայրենիքի պաշտպանի» անհատական գրքույկներում,

-հեռախոսակապ է հաստատվում նորակոչիկների ծնողների հետ և նրանց տեղեկություն տրամադրվում իրենց որդու զինվորական ծառայությունը տվյալ զորամասում անցնելու վերաբերյալ,

- անց է կացվում նորակոչիկների բուժզննում և արդյունքները գրանցվում համապատասխան մատյաններում և նորակոչիկների բժշկական գրքույկներում,

- նորակոչիկները ուսուցանվում են համազգեստի և կոշիկների կրման, անկողնու հարդարման կանոններին,

- նորակոչիկներին ծանոթացնում են զորամասի տարածքին և օրվա կարգացուցակի հետ,

- զորամասի հրամանատարության կողմից պատրաստվում է նամակ նորակոչիկների ծնողներին, որտեղ նշվում է զորամասի ուղորդվածությունը, որդիներին այցելությունների կարգը,

2-րդ օր

Ծանոթացնում են՝

- զորամասի կազմավորման պատմությանը և անցած մարտական ուղու հետ,

- զինծառայողների ընդհանուր իրավունքներին ու պարտականություններին,

- զինվորական ծառայության օրենսդրական և ենթաօրենսդրական հիմքերին, ՀՀ ԶՈւ կանոնադրություններին,

- զինծառայողների անհատական և հասարակական հիգիենայի պահպանման կանոններին,

- պարենային, իրային և դրամական ապահովման նորմերի հետ,

- զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանոնների հետ:

3-րդ օրվանից նորակոչիկներն անցնում են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքներին` մինչև 20 ուսումնական օր տևողությամբ, որի ավարտին տալիս են զինվորական երդում: Մինչև զինվորական երդում ընդունելն արգելվում է նորակոչիկներին տեսակցելն ու նրանց ազատ արձակում չի տրամադրվում:

Զինվորական երդման արարողությունները կազմակերպվում են զինվորական փառքի կամ պատմամշակութային վայրերում` հանդիսավոր կերպով: Երդման արարողության օրվա և վայրի վերաբերյալ զորամասի հրամանատարությունը նախօրոք տեղեկացնում է նորակոչիկներին ու նրանց ծնողներին: Երդման արարողությունից հետո նորակոչիկներին տվյալ կայազորի տարածքում հատկացվում է մինչև 6 ժամ տևողությամբ ազատ արձակում: Երդման արարողությանը հաջորդում է 5-ամսյա ուսումնական փուլը: Նշված ժամանակահատվածում, համաձայն հաստատված գրաֆիկի, շաբաթ և կիրակի օրերին զինծառայողներին` այդ թվում նորակոչիկներին, կայազորի տարածքում տրվում են ազատ արձակումներ:

Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը զորամասերում հայտարարվում է «Բաց դռների օր», որի ժամանակ ծնողներին հնարավորություն է տրվում այցելել զորամաս ու ծանոթանալ իրենց որդիների ծառայության վայրին, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդի որակին:

Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին, ոչ պակաս 5 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի հրամանատարի կողմից` օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն, տրվում է հիմնական արձակուրդ` 10 օր տևողությամբ:

Բացի այդ պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցից արձակուրդ` 5 օրացուցային օր տևողությամբ.

ա) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար` խրախուսման կարգով,

բ) ընտանեկան պայմաններից ելնելով` զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում:

Այս զորակոչից սկսած բոլոր նորակոչիկներին կենտրոնական հավաքակայանում տրվում են «Տեղեկատվական գրքույկներ», որտեղ ներկայացված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման դրույթները, զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---