ԱԳ նախարար. ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու Վատիկանի հետ գործակցության խորացմանն ուղղված քայլերը

ԱԳ նախարար. ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու Վատիկանի հետ գործակցության խորացմանն ուղղված քայլերը

PanARMENIAN.Net - Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ առկա է հայ-վատիկանյան հարուստ օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափում, դինամիկ և հետևողական երկխոսություն, և Հայաստանը հաստատակամ է շարունակելու այդ համագործակցության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում քայլեր ձեռնարկել փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:

Զոհրաբ Մնացականյանը և Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջմշակութային համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է, և մտքեր են փոխանակել այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում երկկողմ կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ:

 Ուշագրավ
---