Վարչապետ. Պետք է հասկանալ՝ ինչ է կատարավել Հյուսիս-հարավ նախագծի հետ

Վարչապետ. Պետք է հասկանալ՝ ինչ է կատարավել Հյուսիս-հարավ նախագծի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, ասել է, որ «պետք է հասկանալ՝ «մինչև այժմ ինչ է կատարվել նախագծի իրագործման ընթացքում»: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ խնդիրներ ունենք և ինչպե՞ս ենք պատկերացնում ծրագրի շարունակությունը ֆինանսավորման և իրագործման առումով: Հյուսիս-հարավ ծրագիրը երրորդ հանրապետության պատմության երևի ամենամեծամասշտաբ նախագիծն է՝ առնվազն ֆինանսական և պետական պարտքի ծանրաբեռնվածության առումով: Ցավոք, նախագծի իրագործման առաջին օրից մենք ավելի շատ լսում ենք խնդիրների, քան դրանց լուծումների մասին և մեր խնդիրն է հասկանալ այս իրավիճակի պատճառները, ինչպես նաև գտնել լուծումներ», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ թեմայով խոսակցություն է ունեցել նաև Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք «եղած իրավիճակով պետք է հետաքրքրվեն»:

Նա ասել է, որ մամուլում, տարբեր ամբիոններից, հարթակներից հնչող, այդ թվում՝ պաշտոնական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը որոշակի մտահոգություններ և անհանգստություններ է առաջացնում:

Ծրագրի պատասխանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են արդեն իսկ շահագործման հանձնված հատվածներում առաջացած խնդիրների, թերությունների բացահայտման, վնասի վերականգնման, կապալառու կազմակերպությունների գործունեության, ներկայումս ընթացող շինաշխատանքների ընթացքի մասին: Անդրադարձ է կատարվել ծրագրի հետագա շարունակության ու տարբեր հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման հնարավորություններին:

Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և կարևորել ճանապարհաշինական ծրագրի հետագա իրականացման ուղղությամբ կառուցապատման որակի հարցում խնդիրների բացառումը, այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:

«Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի, այսինքն պետք է երաշխավորվի ճանապարհի կառուցման որակը»,- ընդգծել է վարչապետը՝ պահանջելով սեղմ ժամկետներում զեկուցել տրված հանձնարարականների իրականացման ընթացքը:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---