Ակադեմիկոս Յուրի Օգանեսովը ՀՀ քաղաքացիություն կստանա

Ակադեմիկոս Յուրի Օգանեսովը ՀՀ քաղաքացիություն կստանա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսովին:

Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին կառավարությունում և կարևորել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի գիտության զարգացմանը: «Ձեր հեղինակությունը բարձր է ողջ աշխարհում, իհարկե Ձեր աջակցությունը շատ օգտակար կլինի մեր երկրի ու ժողովրդի համար: Ես անակնկալ ունեմ Ձեզ համար, ստորագրել եմ Ձեզ ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին միջնորդությունը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե Ձեզ նման քաղաքացի է ունենալու, որովհետև համարում եմ, որ դե ֆակտո Դուք վաղուց եք ՀՀ քաղաքացի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ Յուրի Օգանեսովն այսուհետ ավելի հաճախ կլինի Հայաստանում:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ անվանի գիտնականի բոլոր ծրագրերը հայրենիքում հնարավոր կլինի հաջողությամբ իրականացնել:

Յուրի Օգանեսովը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Նա տեղեկացրել է վարչապետին, որ արդեն իսկ հանդիպել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և վերջիններիս հետ քննարկել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործարկման ընթացքը, ինչպես նաև՝ ֆիզիկոսների ներգրավվածության հնարավորությունն այդ գործընթացում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրերի կյանքի կոչմանը վերաբերող տարբեր հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---