Սահմանամերձ Դովեղում ոռոգման ջրի համակարգ է գործարկվել

Սահմանամերձ Դովեղում ոռոգման ջրի համակարգ է գործարկվել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Դովեղ գյուղն արևելյան մասով շուրջ 15 կմ սահման ունի հարևան երկրի հետ: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած տարիներին ենթակառուցվածքերի սրված խնդիրը չի շրջանցել նաև այս բնակավայրում ապրողներին: Անտառից եկող ինքնահոս ոռոգման ջրով տարիներ առաջ սնուցել են սահմանի գրեթե փեշին գտնվող հողերը, սակայն ուղիղ գծով հրետակոծության տակ գտնվելու վտանգը պատճառ է դարձել բնակավայրի այդ հատվածում գյուղատնտեսական աշխատանքները դադարեցնելու համար:

Բնակիչների անվտանգությունն ապահովելու միակ լուծումը եղել է տնամերձ հողամասերը ոռոգելի դարձնելը, որի համար պահանջվող ֆինանսական միջոցների ապահովումը և ոռոգման նոր համակարգի ստեղծումը լուրջ խնդիր են եղել համայնքի համար: Սահմանին ապրող գյուղացիների խնդրով մտահոգ անհատների աջակցությամբ, 30 տարի հետո, խնդիրը լուծվել է: Ներդրվել է 19.5 միլիոն դրամ՝ բնակավայրի տնամերձ հողատարածքների ոռոգման ցանցի կառուցման համար:

Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Դովեղ» հիմնադրամը: Նոր համակարգով անտառից եկող ինքնահոս ջուրը, փակ եղանակով անհրաժեշտ ճնշում ապահովելու միջոցով, հասցվել է պոմպակայան: Այդ նպատակով կառուցվել է մոտ850 մ ջրագիծ: Հաջորդ 3 փուլով ստեղծվել է տնամերձ հողամասերի ոռոգելի ներքին ցանցը, ինչի համար կառուցվել է շուրջ 5կմ երկարությամբ ջրագիծ: Լուծվել է 2 խնդիր. գյուղացու համար ստեղծվել են գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ պայմաններում իրականացնելու և տնամերձ հողամասից օգուտ քաղելու հնարավորություններ: Կա ևս մեկ արդյունք. ստեղծվել է երկու աշխատատեղ՝ պոմպակայանում:

Ոռոգման նոր համակարգի բացմանը մասնակցել են ծրագրի ֆինանսական կողմն ապահովող անհատները, «Դովեղ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Նաիրի Սարգսյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանը ու բնակիչներ:

«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ Դովեղում իրավիճակը փոխվել է. համայնքների զարգացումը կարևոր առաջնահերթություն համարող մարդկանց՝ Ռալֆ Յիրիկյանի, Ռոբերտ Նազարյանի, Սուրեն Սահակյանի, Վաչիկ Քոքոբելյանի և Ֆրեդ Նազարյանի ներդրման արդյունքում տարիների խնդիրը լուծվել է: Հատկապես սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքները կարևոր են մի քանի տեսանկյունից. գյուղացին հոգում է իր ապրուստի խնդիրը, չի լքում գյուղը և լուծվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս նրա անվտանգության հարցը»,- ասել է Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանը:

Դովեղում իրականացված ծրագիրն արժևորվում է երկարաժամկետ արդյունքով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---