Ջորջ Բուշն իր ամենամյա ուղերձում կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը

PanARMENIAN.Net - «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարի հսկայական ողբերգության` Օսմանյան կայսրության վերջին շրջանում շուրջ 1,5 մլն հայերի սպանության եւ բռնագաղթի զոհերի հիշատակին»,-ասվում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ԱՄՆ-ի հայ համայնքին եւ աշխարհի հայությանն ուղղված ամենամյա ուղերձում: ԱՄՆ նախագահը նշել է, որ միանում է Ամերիկայի հայ համայնքին ու ողջ աշխարհի հայերին, հիշելով այդ ողբերգությունը եւ կիսելով նրանց վիշտը:



«Ի պատասխան այդ ողբերգության մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքներն, ուղղված խաղաղության, հանդուրժողության եւ մարդկային կյանքի արժանապատվության եւ հարգանքի հաստատմանը: Հայ ժողովուրդն անսասան է այդ ողբերգությունը հաղթահարելու եւ իր բնույթին ու ոգուն համաձայն բարգավաճելու համար: Մենք հպարտ ենք, որ ԱՄՆ-ի հայ համայնքը զգալի ներդրում է ունեցել մեր ազգի բարգավաճման գործում:



Մենք ողջունում ենք այն անհատներին Հայաստանում եւ Թուրքիայում, որոնց ջանքերն ուղղված են խաղաղության ու հաշտեցման, սատարում ենք նրանց համատեղ ջանքերին, որ ուղղված են անցյալի ուսումնասիրությանը, որն էլ կարող է հանգեցնել այդ ողբերգական իրադարձությունների ընկալմանը: Մենք հուսով ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կկարգավորվեն:



ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը վճռական քայլեր ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման համար եւ մինչեւ վերջ կսատարենք Հայաստանին այդ գործում: Մենք հավատարիմ ենք մնում ղարաբաղյան հիմնախնդրի արդար եւ վերջնական լուծմանը խաղաղ ճանապարհով»,-ասել է Ջ.Բուշը, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:



Նշենք, որ ԱՄՆ նախագահը, ինչպես եւ նախորդ տարիներին չկիրառեց «ցեղասպանություն» տերմինը` խոսելով «20 դարի հսկայական ողբերգության» մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---