Դիվանագիտության հաջողության բանաձևը․ ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է «Այբի» փորձի փոխանակման հարթակին

Դիվանագիտության հաջողության բանաձևը․ ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է «Այբի» փորձի փոխանակման հարթակին

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին «Այբ» կրթական հիմնադրամի «Հաջողության բանաձև» ծրագրի շրջանակում «Այբ» դպրոցը հյուրընկալել էր Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Նա շրջել է «Այբ» դպրոցում՝ ծանոթանալով լիարժեք կրթություն ստանալու համար ստեղծված հնարավորություններին, կրթաթոշակային համակարգին ու դպրոցում կիրառվող «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրին։

Դեսպանին նաև հետաքրքիր էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում կրթական ծրագիրը ՀՀ մյուս հանրակրթական դպրոցներում տարածելու համար։

«Հաջողության բանաձևը դիվանագիտության մեջ. բախտի, թե՞ մարդկային գործոն» թեմայով հանդիպմանը պարոն դեսպանը խոսեց դիվանագիտության և մասնավորապես, իր՝ դիվանագիտության մեջ 30 տարուց ավելի փորձի, այդ ընթացքում հանդիպած խոչընդոտների և հաջողությունների մասին։

«Ես խնդիր ունեմ այս հանդիպման խորագրի հետ, քանի որ չգիտեմ՝ ինչ է նշանակում հաջողության բանաձև։ Իմ կարծիքով դա հնարել է հասարակությունը, քանի որ ենթադրվում է, որ հաջողակ անհատները ձևավորում են հաջողակ հասարակություն։ Սակայն ես ինձ միշտ ձախորդների շարքին եմ դասում»,- նշել է դեսպանը։

Բանախոսի ելույթից հետո լսարանը հարցեր է ուղղել։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը, անդրադարձավ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, Հայաստանը տարածաշրջանային Սինգապուր դարձնելու հնարավորություններին և շատ այլ հարցերի։

Նախագծի շրջանակում ծավալված քննարկումը ակտիվ էր և ուսուցողական, զրույցը՝ անկեղծ և ոգևորիչ։

«Իմ հաջողության բանաձևը հետևյալն է․ խոսել սրտանց՝ մարդկանց սրտերին դիպչելու համար»,- ասել է դեսպանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---