13 հուլիսի 2018 - 17:01 AMT
ՊԵԿ նախագահ. «Նորֆոլքի» քրգործը կկարճվի՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսազերծմամբ զբաղվող «ՆորՖոլք Քոնսալթինգ» ընկերության լուծարային գործընթացը կավարտվի հուլիսի վերջ, այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Անանյանը նշել է, որ ընկերության դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, եթե պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվի. ընկերությունը դա կարող է անել մինչև հուլիսի 20-ը վերականգնելով պետությանը հասցված $7 մլն-ի վնասը:

Նա նշել է, որ ընկերությունը ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության աշխատակիցների անմիջական հսկողության տակ ժամանակավորապես իրականացնում է իր գործառույթները, իսկ լուծարումից հետո դրանք կկատարի նոր ստեղծվելիք պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը:

Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող «ՆորՖոլկ Քոնսալթինգ» խոշոր ընկերությունը «չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց»: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ: