Խուզարկություն՝ Արթուր Աղաբեկյանի հայրական տանը և 11 ընկերությունում

Խուզարկություն՝ Արթուր Աղաբեկյանի հայրական տանը և 11 ընկերությունում

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից խուզարկություն կատարելու միջնորդությունը բավարարելու որոշմամբ, խուզարկություն է կատարվել Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական գեներալ–լեյտենենտ Արթուր Աղաբեկյանի՝ Մեծ Թաղեր գյուղում գտնվող հայրական առանձնատանը, ինչպես նաև Արցախի իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերությունում, ֆեյսբուքյան իր էջում հայտնում էԱղաբեկյան:

«Խուզարկվել են նաև հարակից շինությունները և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհը՝նպատակ ունենալով հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր:Համաձայն դատարանի որոշման, ես, իբր, յուրացրել եմ տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանվել Գրիգորյանին: Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից», - գրել է Աղաբեկյանը՝ հավելելով, որ գրավոր դիմել է Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ «նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետությունում հանձն առնելը պարզաբանելու նպատակով»:

Նա դիմել է նաև Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենին՝ ուսումնասիրելու ձեռքբերված օպերատիվ տվյալները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականի մայիսից«ընդհանրապես չի շփվել Մանվել Գրիգորյանի հետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպել է նրան 2 անգամ՝ ԱՀ Նախագահի պաշտոնական ընդունելությունների ժամանակ»:

«Ամենակարևորը, ՀՀ-ից և արտերկրից ստացված օգնությունների ստացման և բաշխման հանձնաժողովի համակարգող չեմ եղել, եղել եմ միայն օգնություն ուղարկող իրավաբանական և ֆիզիկական անձանց խորհրդատվություն տրամադրող, և հանձնաժողովի քարոզչական մասով պատասխանատու: Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»:Ակնկալում եմ Արցախի Հանրապետությունում քաղաքական գնահատական տեղի ունեցածի մասով, եթե օպերատիվ տվյալները Արցախի Հանրապետության կառավարությունը և պատկան մարմինները չեն տրամադրել», - գրել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---