25 ապրիլի 2008 - 20:18 AMT
Էդվարդ Նալբանդյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Էդվարդ Նալբանդյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ աշխարհի տարբեր երկրներից ` ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոյի շնորհավորական նամակում ասված է. «Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ ՀՀ արտգործնախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Ես տեղյակ եմ, թե Դուք ինչ լիցք եք հաղորդել հայ-ֆրասիական հարաբերություններին, 1999թ.-ից ներկայացնելով Հայաստանը Ֆրանսիայում: Հուսալով էլ ավելի զարգացնել ՀՀ եւ ԵԱՀԿ միջեւ վերջին տարիներին ձեւավորված հարաբերությունները, ակնկալում եմ շուտով Ձեզ անձամբ շնորհավորելու առիթ ունենալ»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը Էդվարդ Նալբանդյանին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասել է. «Հայաստանը Դաշինքի արժեքավոր գործընկերներից է: Վերջին տարիների ընթացքում մենք ամրապնդել եւ խորացրել ենք քաղաքական երկխոսությունը` ԱԳԳԾ տարբեր ոլորտներում: Հուսով եմ, որ Ձեզ հետ միասին մենք կկարողանանք զարգացնել համատեղ ձեռքբերումները եւ էլ ավելի ամպրապնդել մեր համագործակցությունը»:

ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը ամենայն հաջողություն ցանկանալով ՀՀ ԱԳ նախարարին, ասել է, որ Եվրոպայի Խորհուրդը կշարունակի առավելագույն աջակցություն ցուցաբերել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: Թերի Դեւիսը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կհանդիպի Էդվարդ Նալբանդյանին Ստրասբուրգում:

«Մաղթելով Ձեզ հաջողություններ այս չափազանց կարեւոր պաշտոնում` վստահ եմ, որ Դուք գլխավորելով ՀՀ ԱԳՆ-ն, կնպաստեք եղբայրական կապերի ամրապնդմանը եւ մեր երկու ժողովուրդների միջեւ համագործակցությանը:», - ասված է Մեքսիկայի ԱԳ նախարար Պատրիսիա Էսպինոսա Կանտելիանոի ուղերձում:

«Աննկարագրելի հաճույքով եմ Ձեզ հղում իմ սրտագին շնորհավորանքները ՀՀ արատաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ առողջություն եւ հաջողություն Ձեր նոր պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին էլ ավելի զարգացում եւ բարգավաճում»,-ասված է Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմեդ Աբուլ Ղեյթի շնորհավորական նամակում:

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վլադիմիր Օգրիզկոն համոզմունք է հայտնում, որ Էդվարդ Նալբանդյանի նշանակումը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նոր լիցք կհաղորդի երկու երկրների համագործակցությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: