Հայրապետյան. Եթե ԱԱԾ պետը առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում՝ ես չեմ առաջադրվի

Հայրապետյան. Եթե ԱԱԾ պետը առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում՝ ես չեմ առաջադրվի

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ եթե ՀՀ ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար հավակնություններ ներկայացնի, ապա ինքն այլևս չի առաջադրվի այդ պաշտոնում, հայտնում է Football365.am-ը:

«Եթե Արթուր Վանեցյանը ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ապա իմ կարծիքով դա լավագույն լուծումը կլինի: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. նրա ղեկավարությամբ պայմանավորված խաղերը կբացառվեն», - ասել է Հայրապետյանը:

Նա անդրադարձել է նաև ֆեդերացիայի ակումբների՝ իր դեմ արված հայտարարություններին:

«Ակումբների ղեկավարներն իմ դեմ վայնասուն են բարձրացրել: Սա միշտ եղել է: Ինձ մեղադրում են սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ, մինդեռ նրանց կողմից նշված հարցերում օրենքի կետ չկա: Իմ սեփականությունն է կուզեմ կտամ, չեմ ուզի չեմ տա», - ասել է նա:

Նա նաև նշել է, որ հրաժարական չի տալիս, և «մամուլում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Ավելի վաղ, ՀՖՖ մի շարք ակումբներ Հայրապետյանի գործունեության դեմ հայտարարություններ էին տարածել:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ կարող է դիմել սպորտային արբիտրաժային դատարան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների և դրա նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծման հետ կապված:

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նույնպես դժգոհել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---