25 ապրիլի 2008 - 20:51 AMT
Հայոց ցեղասպանության տարելից. AAA-ն խորապես հուսահատված է Ջորջ Բուշի հայտարարությամբ
Ամերիկայի Հայկական Համագումարը հուսահատված է ապրիլի 24-ի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ամենամյա ուղերձով: AAA-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «2000 թվականին նախագահի թեկնածու Ջորջ Բուշը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում, նա կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Ընդ որում, նա նշել է, որ հայերը ոչնչացման արշավի զոհ են դարձել եւ աշխարհը պետք է ճանաչի եւ դատապարտի մարդկության դեմ ուղված այդ հանցագործությունը` կատարված 20-րդ դարասկզբում: Սակայն ութ տարի անց էլ, իր նախագահության վերջին տարում, ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում Ջորջ Բուշը, նորից խախտելով իր խոստումը, այդպես էլ չօգտագործեց «ցեղասպանություն» տերմինը, այն փոխարինելով այլ բառերով: 2008 թվականի Ջորջ Բուշի հայտարարությունը մեկ քայլ հետ է Ցեղասպանության ճանաչման գործընթացում եւ տարբերվում է անցած տարիների հայտարարություններից, որոնցում ԱՄՆ նախագահն անուղղակիորեն ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է AAA-ի հայտարարության մեջ:

Ամերիկայի Հայկական Համագումարը նաեւ նշում է, որ չնայած Բուշի հայտարարության մեջ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, դրանում չի հիշատակվում ոչ հակամարտության չկարգավորվածության պատճառների մասին, ոչ Ադրբեջանի շարունակվող ռազմական էսկալացիայի մասին հայերի նկատմամբ, ովքեր ժամանակին էթնիկ մաքրումների զոհ են դարձել: AAA-ի կարծիքով, Հայոց ցեղասպանության դասերը չպետք է մոռացվեն:

«Ոչ ոք կասկածի տակ չի դնում Ջորջ Բուշի անկեղծությունը, երբ նա խոսում է հայերի ահավոր ողբերգության մասին եւ այն մասին` որքան շատ է աշխարհը տուժել Հայոց ցեղասպանության արդյունքում: «Ցեղասպանություն» բառի փոխարեն այլ բնորոշումների օգտագործումն ավելի լավ է, քանի ընդհանրապես Ցեղասպանության փաստի անտեսումը: Սակայն, այդուհանդերձ, մենք խորապես հուսահատված ենք, որ Բուշը խախտեց իր խոստումը»,- ասվում է AAA-ի հայտարարության մեջ: