18 հուլիսի 2018 - 12:22 AMT
Նախարար. Հյուսիս-հարավի հետագա ճակատագիրն անհայտ է` ֆինանսավորում չկա

Բյուջետային սուղ պայմանների պատճառով Հյուսիս-հարավ ճանապարհի մնացած մասի ճակատագիրը դեռևս անհայտ է` ֆինանսավորում չկա: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ անդրադառնալով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին»:

«Պատրաստակամ ենք մեր ամբողջ ներուժը ներդնել և հասարակական վերահսկողությունը ուժեղացնել ծրագրի նկատմամբ։ Բացում ենք նոր էջ, որտեղ ամեն ինչ կլինի թափանցիկ: Բոլորը պատասխան են տալու մինչ այս կառուցած անորակ ճանապարհների համար»,- ասել է Աշոտ Հակոբյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նախարարի խոսքով` որոշ հատվածներում խախտումներ են հայտնաբերվել, որոնք պետք է շտկեն շինարարներն իրենց միջոցներով, քանի որ ճանապարհը երաշխիքային ժամկետում է։

Աշոտ Հակոբյանն ընդգծել է` նախապես հայտարարվել էր, որ ծրագիրը կարժենա 1 միլիարդ դոլար, սակայն այժմ պարզ է, որ այդ թիվն աճելու է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, ասել էր, որ «պետք է հասկանալ՝ «մինչև այժմ ինչ է կատարվել նախագծի իրագործման ընթացքում»:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին: