«Փյունիկը» և «Շիրակը» կպաշտպանեն Վանեցյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

«Փյունիկը» և «Շիրակը» կպաշտպանեն  Վանեցյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - «Փյունիկ» և «Շիրակ» ակումբները կպաշտպանեն Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

«Փյունիկի» պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, ակումբի ղեկավարությունը մեծ ոգևորությամբ է ընդունել Վանցեյանի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին մասնակցել ցանկանալու մասին լուրը։

«Մենք լիովին պաշտպանում ենք Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Նրա ընտրվելու դեպքում, մեր անունից պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մանկապատանեկան, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլի հայաստանյան առաջընթացի», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Շիրակ» ակումբն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշվում է, որ «համոզված են՝ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին՝ ՀՖՖ ժողովի ժամանակ, կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց»։

«Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջադրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն», - նշվում է գրառման մեջ:

Ավելի վաղ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ եթե ՀՀ ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար հավակնություններ ներկայացնի, ապա ինքն այլևս չի առաջադրվի այդ պաշտոնում

ՀՖՖ մի շարք ակումբներ Հայրապետյանի գործունեության դեմ հայտարարություններ էին տարածել: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ կարող է դիմել սպորտային արբիտրաժային դատարան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների և դրա նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծման հետ կապված:Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նույնպես դժգոհել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---