ՀՅԴ-ն զորակցում է Առաքելական եկեղեցուն

ՀՅԴ-ն  զորակցում է Առաքելական  եկեղեցուն

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցության հանրային կապերի գրասենյակը:

«Եկեղեցու «բարենորոգման» կարգախոսներով հանդես եկող խմբի սադրիչ և սանձարձակության հասնող պահվածքն ու գործողությունները, ըստ էության, վերածվել է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու նվիրապետի, այլև եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բացահայտ ոտնձգության, ինչն ուղղակիորեն հարվածում է հայ ժողովրդի հոգևոր միասնության համակարգին։ Սահմանադրությամբ ճանաչված է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ հետևաբար պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել եկեղեցական ինստիտուտը թիրախավորող, բռնության դրսևորման միտումներ ունեցող գործողությունները կանխելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Դաշնակցությունն իր ամբողջական զորակցությունն է հայտնում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և կոչ է անում պատկան մարմիններին օրենքի շրջանակներում կանխել ՀՀ-ի հոգևոր և ազգային միասնության դեմ ուղղված, «իրենց բնույթով աղանդավորական և կասկածելի ծագումնաբանությամբ խմբակների սադրիչ գործողությունները»:

Արդեն տևական ժամանակ է՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները տարաբնույթ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---