23 հուլիսի 2018 - 10:51 AMT
ՀՀ-ն հետաքրքրված է անտառների կառավարման Չինաստանի հաջողված փորձով

Հայաստանը հետաքրքրված է անտառների կառավարման և օդի առցանց մոնիթորինգի բնագավառում Չինաստանի հաջողված փորձի ներդրմամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգի հետ հանդիպմանը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը մասնավորապես հետաքրքրված է դեգրադացված հողերում անտառներ հիմնելու Չինաստանի փորձով և բնապահպանության նախարարությունն արդեն դիմել է վերջինիս՝ Հանրապետության համապատասխան տարածքներում անտառտնկման փորձնական ծրագիր իրականացնելու առաջարկով։

Կողմերը շեշտել են երկու երկրների միջև առկա համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատկապես բնապահպանության ոլորտում, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բնապահպանության ոլորտի աշխատակիցների մասնագիտական կարողությունների մեծացման նպատակով վերապատրաստման կոնկրետ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ և դեսպանատան աշխատակիցներ։