29 ապրիլի 2008 - 14:17 AMT
Աբխազիան պատրաստ է ռազմական համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ
Աբխազիան պատրաստ է ռազմական համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է չճանաչված հանրապետության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Շամբան: Նրա խոսքերով, այժմ ռազմական դաշինք ստեղծելու համար ավելի շատ հնարավորություններ են հայտնվել: Հնարավորություններ ասելով աբխազ նախարարը նկատի ուներ, որ Ռուսաստանը վերջերս հանել է առեւտրա-տնտեսական, ֆինանսական, տրանսպորտային եւ այլ սահմանափակումները:

Մինչ դեռ, Թբիլիսին հերթական անգամ պահանջել է փակել ռուսական ռազմակայանը Գուդաուտում: «Մենք դիմել ենք ԵԱՀԿ-ին Գուդաուտում միջազգային փորձաքննություն անցկացնելու համար»,- հաղորդել է Վրաստանի փոխարտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, նշելով, որ դրանից հետո ռազմակայանը պետք է փոխանցվի Վրաստանին:

Վրացի զինվորականների կարծիքով, առանց օդաչու հետախույզ ինքաթիռը, որ ոչնչացվել է Աբխազիայի Գալիայի շրջանում, Գուդաուտի օդանավակայանից էր եւ պատկանում է Ռուսաստանի ՌՕՈՒ-ին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Հիշեցնենք, որ ոչնչացված վրացական ինքնաթիռի հետ կապված միջադեպը նորից հանգեցրել է Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների լուրջ սրմանը: Վրաց նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեղադրել է ռուսական իշխանություններին ագրեսիայի մեջ եւ փորձել է բացատրել, որ առանց օդաչու ինքաթիռը ոչնչացվել է ռուսական կործանիչի կողմից վրացական տարածքում:
Ռուսական կողմը հայտարարում է, որ ինքնաթիռը կործանվել է չճանաչված հանրեպատության տարածքում, որտեղ ըստ 1994 թվականի համաձայնագրի արգելված են վրաց ավիացիայի թռիչքները: Մոսկվայում հայտարարում են, որ Թբիլիսիի գործողությունները ուղղված են հակամարտության գոտում իրադրության սրմանը:

Իր հերթին, աբխազ զինվորականները պնդում են, որ իրականում այդ ինքնաթիռը ոչնչացվել է իրենց ՀՕՊ միջոցների կողմից Գալիայի շրջանում: Անցյալ շաբաթ կոնֆլիկտային թեման քննարկվել է անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, սակայն Վրաստանի նախաձեռնությամբ հրավիրված նիստը անարդյունք ավարտվեց: