Մեքենաների տեխզննում անող ընկերությունները փոխհատուցել են պետության 55,7 մլն դրամ վնասը

Մեքենաների տեխզննում անող ընկերությունները  փոխհատուցել են պետության 55,7 մլն  դրամ վնասը

PanARMENIAN.Net - Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից փոխհատուցվում է պետությանը պատճառված վնասը. վճարվել է 55,7 մլն դրամ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում, նախնական քննության տվյալներով, թույլ են տրվել չարաշահումներ։

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական դրամ, հափշտակելու դիտավորությամբ տվյալ ընկերությունների պատասխանատու անձինք, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար։

Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցները պատշաճ չեն կատարել վերահսկողության պարտականությունները՝ առաջացնելով էական վնաս և ծանր հետևանքներ։

Չարաշահումներ են հայտնաբերվել նաև «Տրանս Սիստեմ» և «Ավտոռադ», «Սեարվի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության մեջ, ինչի առթիվ հարուցված քրեական գործերը քննվում են համապատասխանաբար ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, Կոտայքի և Լոռու մարզային քննչական վարչությունների վարույթում։

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---