25 հուլիսի 2018 - 10:35 AMT
Ավագանու ընտրություններին Տարոն Մարգարյանի համար կաշառք տալու մեղադրանքով ձերբակալված կա

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ական թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

Հանրության շրջանում «Զիբիլիքս» անունը ստացած քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով 24.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին նախորդող ժամանակահատվածում հանդիպել է ընտրողներ Հ. Ս.-ին ու նրա կնոջը և ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է նրանց տրամադրել յուրաքանչյուր քվեի համար 10.000 դրամ կաշառք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից: